• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիա

ՀԱՅԵՐՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Իտալիայում հայերի գոյության մասին առաջին հավաստի տեղեկությունները (6-րդ դար) վերաբերում են Ռավեննայում հաստատված հայկական զորամասերին, որոնց Իտալիա էր բերել բյուզանդական զորավար Ներսես Հայկազունը (541-568), որը հաղթելով Իտալիա ներխուժած օստգոթերին, ապա ֆրանկներին եւ ալեմաններին, 555-ին նշանակվեց բյուզանդացիների կողմից նվաճված Իտալիայի կառավարիչ (եքսարքոս): Նա եքսարքության (փոխարքայության) կենտրոն դարձրեց Ռավեննան, որտեղ ծավալեց շինարարական աշխատանքներ: Ռավեննայի պահակազորը հիմնականում կազմված էր հայերից եւ կոչվում էր հայկական կամ numerus Armeniorum, իսկ Ռավեննայի Օգոստոս կայսեր կառուցած Կլասիս նավամատույցը, որտեղ բնակվում էին զինվորականները, միեւնուն պատճառով կոչվում էր Արմենիա: Իտալիայի փոխարքաներից հայտնի է նաեւ Սահակը Հայկազնը (625-644), որի դամբանը գտնվում է Ռավեննայի Սբ.Վիդալ եկեղեցում, որտեղ նա հռչակված է որպես Gloria dell’Armenia,Հայաստանի փառք:

Այս նույն ժամանակաշրջանում, Իտալիայում հիշատակվում են նաեւ այլ հայ առաջնորդների անուններ, որոնց հրամանատարության ներքո մարտնչել են նաեւ բազում հայ զինվորականներ:

6-7-րդ դարերում հայկակամ մի զորաբանակ տեղաբաշխված է եղել Սիցիլիայում, որի կառավարիչների թվում հիշատակվում են Հովհաննես Արշակունու որդի Արտաբանը (6-րդ դար), հակակայսր հռչակված Մժեժ իշխանը (660-ական թվականներ) եւ պատրիկ, պրոկոնսուլ, մագիստրոս ու կեսար տիտղոսներին արժանացած Ալեքս Մուշեղ Մամիկոնյանը, որի հիշատակը կենդանի է Rocca degli armeni-ում (Հայերի ամրոց): Գեւորգ Մինիակեսը Մեսսինայի եւ այլ սիցիլիական քաղաքների պաշտպանն էր, հայ առաջնորդ էր Լեւոն Զ. Իմաստասերի առաջին սպարապետ Սմբատիկը, որը 891 թվականին Բյուզանդիային վերադարձրեց Բենեվենտոյի դքսությունը: Լեւոն Թոռնիկյանը վերանվաճեց Բարին: Հույն գիտնական Խարանիսը եւս ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ 9-10-րդ դարերում հայերը զինվորների, վարչական աշխատողների եւ կայսրերի հանդերձանքով տնօրինում են Բյուզանդական կայսրության հասարակական, ռազմական եւ քաղաքական կյանքը, եւ Բյուզանդական կայսրությունն իր հզորության համար մեծապես պարտական է նրանց:

Սիցիլիայում հիշատակվում է նաեւ հայերի մի ամրոց, Քալաթ-ալ-Արմանին, որը գրավվեց 861 թականին: Զինվորականների եւ ծառայողների այս շրջանակներին զուգահեռ իտալական տարբեր քաղաքներում (Ռավեննայում, Վենետիկում, Ֆիրենցեում, Նապոլիում, Անկոնայում, հռոմում եւ այլուր) կային նաեւ հայ վաճառականներ եւ վանականներ: Ավանդության համաձայն, Սբ.Գրիգոր Լուսավորչից երկու մասունք է պահպանվում Իտալիայում, Նարդոյում` մի ձեռքի ոսկորները, իսկ Նապոլի San Gregorio Armeno (Սուրբ Գրիգոր Հայ) եկեղեցում` գանգը:

Նապոլիում հայ գաղութի գոյությունը շատ հավանական է, քանի որ 1742 թվականին հայտնաբերված քաղաքի քարե մի օրացույցի մեջ նշված են Սբ.Գրիգոր Լուսավորչի եւ մարտիրոսացած Հռիփսիմե եւ Գայանե կույսերի տոները: Պատմական աղբյուրներում հիշվում է նաեւ Սբ. Հոգի հայկական եկեղեցին (1328) եւ Հայոց տունը (1356): Ներկայումս Նապոլիում կազմակերպված հայ համայնք չկա, բնակվում են փոքրաթիվ հայեր:

646 թվականին Լատերանյան ժողովի վավերագրերից մեկում, Հռոմում նշվում է Սբ. Կույսին եւ Սբ. Անդրէասին նվիրված Ռենատի անունով հայկական մի մենաստան: Այս մենաստանի աբբահայր Թալլասիոսը Հռոմի արեւելյան մյուս աբբաների հետ միասին մասնակցել է եկեղեցական ժողովին որպես Արեւելյան եկեղեցու ներկայացուցիչ: Մենաստանը կոչվում էր նաեւ Sanctorum Andreae et Luciae: Սա առաջին վկայությունն է Իտալիայում տեղ գտած հայ վանական հարուստ ավանդության, որը շարունակվում է նաեւ հետագա դարերում, հասնելով մինչեւ մեր օրերը Վենետիկի Մխիթարյան եւ Հռոմի Անարատ հղության հայ քույրերի միաբանությունների շնորհիվ: Ուշագրավ է նաեւ, որ 10-11-րդ դարերին իտալացիների կողմից սուրբ հռչակված հոգեւորականների թվում նշվում են եւ հայեր` Սան Դավինո Արմենո կոչված Դավիթ Հայկազնը, որը պաշտված է Լուկկայում, Պոլիրոնեի մենաստանի ճգնավոր Սբ.Սիմեոնը եւ այլք:

Իտալիայում հայերի համեմատաբար կայուն համայնքներ կազմավորվել են 12-րդ դարի կեսին, երբ ինը տարբեր քաղաքներում գործել են տասից ավելի հայկական եկեղեցիներ: Հայերի աշխուժացման այս նոր իրավիճակի խթանիչ գործոններն էին Կիլիկիայի հայոց թագավորությունն ու խաչակրաց արշավանքները: Պատմական այս նոր իրավիճակը նպաստեց, որ Իտալիային արդեն ծանոթ հայերն ավելի ընդարձակվեին եւ արմատապես հաստատվեին թերակղզու գրեթե բոլոր քաղաքներում, ստեղծելով ծաղկուն գաղութներ: Ժամանակագրությունը վկայում է, որ Վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն իր Հեռավոր եւ Մերձաւոր արեւելք կատարած անվերջանալի ճանապարհւրդութիւնների ընթացքում 1271թ. Կիլիկիայի Այաս նաւահանգստից Պաղեստինի Ս.Ջովաննի Դ’Ակրի գնալու համար օգտվել է հայկական ցռկանավից, որը նրան էր տրամադրել Լեւոն Գ. թագավորը:

"...Ծովի վրա կայ Այաս անունով առեւտրական մի մեծ քաղաք, որտեղ կարելի է ամեն ինչ գտնել,_ պատմում է Մարկո Պոլոն իր հանրահայտ Իլ Միլիոնե գրքի 16րդ գլխում,_ եւ Վենետիկի, Ջենովայի եւ այլ վայրերի վաճառականները այստեղ ձեռք էին բերում ապրանքներ, հարգի եւ նուրբ կերպասներ եւ այլ թանկարժեք իրեր": Եւ Մարկո Պոլոն բնորոշել է այն որպես Արեւելյան երկրների դարպաս:

13-րդ դարի սկզբներին Կիլիկիայի հայոց թագավոր Լեւոնի եւ Ջենովայի, Վենետկի եւ Պիզայի ու այլ քաղաքների միջեւ կնքված առեւտրական պայմանագրերով Կիլիկիայից, ինչպես նաեւ Իտալիայի հետ սերտորեն առնչվող Ղրիմից (14-րդ դար) Իտալիա են տեղափոխվել հայ առեւտրականներ ու նավաստիներ:

Ըստ Հ.Ալիշանի 1240-1350 թթ. հայկական մեկ եկեղեցի ունեցող քաղաքների թիվը հասնում էր քսաներկուսի, իսկ Հռոմում, Բոլոնիայում եւ Վենետիկում կային մեկից ավելի գործող եկեղեցիներ: 14-րդ դարում շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի քաղաքներում: Դրանք գործել են հայ առաքելական եկեղեցու, իսկ 14-րդ դարի սկզբից "Իտալիայի հայերի եպիսկոպոսի" ենթակայությամբ: Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ եւ հայոց տներ, որտեղ բուժվել են հայեր եւ իջեւանել հայ վաճառականներ: Հիշարժան է, Վենետիկի Հայ տան ծնունդը: Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն պաշտոնական դիւանագիտական հարաբերութիւններ հաստատելով Լեւոն Մեծագործի հետ, վերջինիս արքունիք ուղարկեց Ջակոմո Բադուերոին, որը հմուտ դեսպան լինելով կարողացավ բանակցել հայոց թագավորի հետ: Այսպիսով, Բադուերոն վերադառնում է Վենետիկ 1201 թ. դեկտեմբերին կնքված առեւտրական դաշինքով` շարադրված երկու օրինակից` մեկը հայերեն, մյուսը լատիներեն, ըստ որի հայոց թագավորը առանձնաշնորհ էր ընձեռում վենետիկցիներին բնակվելու եւ առեւտրով զբաղվելու իր թագավորության մեջ: Սա դարձավ սկիզբ այն հարյուրի հասնող դաշինքների, որոնք հայ վեհապետները կնքեցին Ս.Մարկոսի Հանրապետության հետ: Վենետիկը չուշացավ փոխադարձնելու այդ առանձնաշնուրհումները Հայ տան ծնունդով: Տունը ծնվեց Կալլե դելլե լանտեռնեում, որը հետագայում կոչուեց Դեի արմենի, այսինքն հայերով ամենախիտ բնակեցուած շրջանում, Սբ. Մարկոս հրապարակի հարեւանութեամբ: Համաձայն որոշ փաստաթղթերի` այս շենքը դարձել է հայերի համար տուն-հյուրանոց 1235 թ.ի մայիսի 25-ից: Հավանաբար անհրաժեշտ է մի քանի տասնամյակով կանխել այդ տարեթիվը, բայց առանց այդ ուղղման էլ Վենետիկը կարող է միշտ հպարտանալ, որ իր ունեցած Հայ տունը ամենահինն է Եւրոպայում եղածներից:

Իտալիայում հայերի տարածումն իր գագաթնակետին հասավ 14-րդ դարի կեսերին` լինելով ամենաբարգավաճ ժամանակաշրջաններից մեկը համայնքային, ազգային եւ եկեղեցական բնագավառներում: Վաճառականների եւ ուխտագնացների եռանդուն երթեւեկը վկայող բազմաթիվ իջեւանատներն ու վանատներն իրենց գրական եւ մշակութային նշանակալից գործունեությամբ, վկայում են քաղաքակիրթ եւ գիտակից համայնքային կազմակերպվածության մասին:

16-րդ դարում հիշյալ համայնքներին ավելանում է Լիվոռնոյի համայնքը:

17-րդ դարը հանդիսանում է հայկական վերոհիշյալ գաղութների անկման ժամանակաշրջան, բացի Հռոմի, Վենետիկի, Տրիեստի եւ Լիվոռնոյի համայնքներից: Վերջինս վերապրեց մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ ուներ նաեւ քահանա:

Իտալիայի հայ համայնքները վերստին աշխուժացել են 17-րդ դարում: Դա պայմանավորված էր մի կողմից Հայաստանի տարածքում մղվող թուրք-պարսկական պատերազմենրով, եւ դրանց հետեւած արտագաղթով, մյուս կողմից` Արեւելքի` Եվրոպայի հետ առեւտրի մեջ հայ վաճառականների դերի մեծացմամբ: 1582-1610 թթ. Պարսկաստանից Իտալիա ուղարկված վեց պատվիրակությունների ղեկավարներն էլ եղել են հայ խոջաներ (Սաֆար, Շիոշ, Գրիգոր Կիրակոս Միրմանյան եւ այլք): Գրիգոր Կիրակոս Միրմանյանի դրամական նվիրատվությամբ ընդարձակվեց Վենետիկի Սբ. Խաչ հայկական եկեղեցին 17-րդ դարում: Այսօր Վենետիկի Սբ. Խաչ Հայոցը` հայերին պատկանող միակ եկեղեցին է, միջին դարում Իտալիայում գոյություն ունեցող մոտ 40 եկեղեցիներից, որտեղ դեռ հայաբարբառ Հայաստանյայց եկեղեցու արարողութեամբ կատարվում են Սբ. Խորհուրդները: Եկեղեցին խնամակալված է Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության կողմից:

Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ Ա. 1591 թվականին մի հրովարտակով հայերին հրավիրել է Լիվոռնո` առեւտրական գործերով: 17-րդ դարի սկզբին այնտեղ բնակվում էր շուրջ 1000 հայ, որոնք պահում էին շուրջ 120 առեւտրական տուն:

Համաձայն վավերագրերի, 16-18-րդ դարերում Վենետիկում առեվտրական պաշտոնական գործարքներին մասնակցել են ավելի քան 2000 հայ առեւտրականներ: Հայ վաճառականներն Արեւելքից Իտալիա էին բերում պարսկական մետաքս, որի արտահանության մենաշնորհը պատկանում էր նրանց, դամասկյան դիպակներ, գոհարեղեն, համեմունք, մոմ եւ այլ ապրանքներ:

Իտալիայում հայերն աչքի էին ընկնում նաեւ նավաշինության մեջ: 16-րդ դարում Անտոն Սուրյանը Վենետիկի նավաշինարանում մեծ նավերը ջուրն իջեցնելու նոր համակարգ մշակեց եւ ստեղծեց մի սարք, որը կմաքրեր ծովակի հատակում դարերի ընթացքում կուտակված տիղմը:

Իտալիայում է եղել նաեւ Հայ մշակույթի նշանավոր երեւույթներից մեկը: 1512 թվականին Հակոբ Մեղապարտի աշխատասիրությամբ Վենետկում ծնվեց հայատառ առաջին տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը, որն այժմ պահվում է Վենետկի Սբ.Ղազար կղզու Մխիթարյան Միաբանությունում: Հակոբ Մեղապարտը պետք է որ գրքերի եւ տպագրութեան առումով մեծ փորձի տեր լիներ եւ ունենար հմուտ հրատարակիչ: Չի բացառվում նաեւ, որ նա հրատարակած լինի այլ հատորներ որոնք անհետացել են կամ դեռեւս չեն գտնվել: Հարկ է նշել, որ հայերը առաջին արեւելյան ժողովուրդն էին, որ գործածեցին Գութենբերգի գյուտը, չնայած ձեռագիր ծաղկելը դեռեւս երկար ժամանակ պահեց իր կենսունակությունը: Առաջին տպագրիչ Հակոբից հետո, երկրորդն եղավ. Աբգար դպիր Թոքատեցին կամ Եվդոկիացին, որ նույնպես Վենետիկում 1565 թվին տպագրեց հայերեն առաջին օրացույցը` Խառնայ փնթուր տումարիե անունով եւ Սաղմոսարան: Այստեղ տպագրվեց եւս վեց գիրք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աբգար Թոխատեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը: Աբգարի շնորհիվ Վենետիկում ծնունդ առավ առաջին իսկական հայ տպագրությունը, որը կունենա վճռական կարեւորություն հայ ազգի հետագա վերածննդի վրա: Սակայն վենետիկյան ծովակում հրատարակչական բուռն գործունեությանը կհանդիպենք միայն 18-րդ դարից սկսած Մխիթարյան վանականների մոտ, որոնք 1717 թվականից ի վեր Վենետիկի Սբ. Ղազար կզում կստեղծեն մշակույթի այն անգին կենտրոնը` հետագայում այն հզոր սյուներից մեկը, որի վրա կհենվեր ազգային զարթոնքի գաղափարը:

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Հայ տպագրության 500 ամյակի առթիվ Վենետիկի Կորրեր թանգարանում, Հնագիտական թանգարանում եւ Մարչանա ազգային գրադարանում մեկնարկվում է ցուցահանդես Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի Նախարարության, Վենետիկի Քաղաքային Թանգարանների Հիմնարկության, Մխիթարյան Միաբանության, Վենետիկ քաղաքի եւ Վենետկյան Լճակի Եզրամասերի համայնքների Պատմական, գեղարվեստական եւ ազգագրամարդաբանական ժառանգության եւ Թանգարանային բեւեռի վերահսկող հատուկ Գերատեսչության, ՀՀ Հռոմի Դեսպանության եւ Մարչանա Ազգային Գրադարանի նախաձեռնությամբ:

Բացի Վենետիկից հայերեն գրքեր են տպագրվել Ֆերրարայում, Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պավիայում, Պադովայում, սակայն Մխիթարյանների տպագրական գործունեությունը ամենափառավոր տեղն է գրավում վերջին դարերի հայ մշակույթի պատմության մեջ:

1836-1996 թթ. Վենետիկում գործած Մուրատ-Ռափայելյան վարժարանը, որի շրջանավարտներն են եղել հայ ազգը բնորոշող ու արժեւորող մի շարք մտավորականներ, այժմ մշակութային կենտրոն է: 1843 թվականից Վենետիկում անընդմեջ հրատարակվում է Մխիթարյան Միաբանության Բազմավեպ գրական հանդեսը:

Այս ճիգով ու ձեւով Մխիթարյան Հայրերը ազգային մտավորական վերանորոգման գործի կամ ազգային մշակույթի պատմության մեջ հիմնական դեր են ունեցել եւ շարունակում են ունենալ: Շիրազի բառերով ասած` «Օտար ջրերում հայացյալ Կղզի/ Հայոց հին լույսն է քեզնով նորանում… Հայրենիքից դուրս հայրենյաց համար»:

ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ

շարունակելի.... (պատրաստում է` Սոնա Հարությունյանը - Վենետիկի համալսարան)

Մատենագիտություն

Հ.Ղ. Ալիշան, Հայ-Վենետ կամ Յարընչութիւնք Հայոց եւ Վենետաց ի ԺԳ-Դ եւ ի ԺԵ-Զ դարս, Վենետիկ-Ս.Ղազար, 1896:

B.L.Zekiyan, Gli armeni in Italia, s.l., De Luca, 1990, pp.187, ill.

Ա.Հերմետ-Պ.Կոնի Ռատտի դի Դեզիո, Հայերի Վենետիկը, տասնվեց դար պատմության եւ առասպելի միջով, թարգմ. Ս. Հարությունյան, Երեւան, Սահակ Պարթեւ, 2000:

Հայկական Սովետական Հանրագիտարան, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1974:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: