• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլայի պաշտոնական այցը Հայաստան

19 հոկտեմբերի, 2012

2012թ. հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում պաշտոնական այցով էր գտնվում Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլան:

Այցի առաջին օրը նախարար Դի Պաոլային ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը։
Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձեւավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը։
Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ—իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաեւ տարբեր մակարդակի փոխայցելություններով։

Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից եւ անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով։

 

Այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ ռազմական արդյունաբերության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ծավալումը։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, որը կհանդիսանա երկկողմ համագործակցության իրավական հիմքը։ Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության, ռազմաիրավական պատրաստության, զինված ուժերի կազմակերպման եւ կառավարման, կազմզորահավաքային պատրաստության, ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, խաղաղապահ եւ մարդասիրական գործողությունների եւ մի շարք այլ ոլորտներում։

Այցի շրջանակներում Իտալիայի պաշտպանության նախարարն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ինստիտուտի կրթական ծրագրերին եւ ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի եւ հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը։

Այնուհետև նախարար Դի Պաոլային ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ—իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, եւ ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։

Իր հերթին, նախարար Դի Պաոլան նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար եւ բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձան Հայաստան–ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

 

Իտալիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Հանդիպման ընթացքում, բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորվող համագործակցությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսը նկատեց, որ հայ—իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլեւ եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների եղբայրական հարաբերությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ զինված ուժերում հոգեւոր հովվությանը։ Այս առնչությամբ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգեւոր ծառայությունն են բերում հայոց բանակում։ Նորին սրբությունը նաեւ նշեց, որ բանակի հոգեւոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը։

Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Իտալիայի պաշտպանության նախարարը խոսեցին նաեւ եկեղեցի—պետություն հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին։

Այցի ընթացքում Իտալիայի պաշտպանության նախարարն այցելել է նաեւ հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր եւ ցեղասպանության թանգարան։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: